Անմոռանալի հինգ օր Հնեվանք ճամբարում

10615658_1467368196845783_667603831_nՕգոստոսի 13` օր հիանալի, այնպիսի օր, որն անհնար է մոռանալ: Առավոտյան Սրբ. Երրորդություն եկեղեցու մոտ միանալով Մխ. Սեբաստացի կրթահամալիրի աշակերտներին՝ դուրս եկենք Երևանից և ուղևորվեցինք դեպի Սևան: Սևանում սկսեցինք ծանոթանալ միմյանց հետ և անցկացրեցինք բավականին լավ ժամանակ: Սևանից հետո շատ լավ տրամադրությամբ ուղևորվեցինք Կուրթան: Հասնելով Հնեվանք ճամբար՝ անակնկալի եկանք` ամենուր վրաններ, բացօթյա պայմաններ, և չկար գրեթե ոչ մի հարմարություն, սակայն ամենուր այնքան գեղեցիկ ու հաճելի էր, որ նույն պահին մոռացանք բոլոր անհարմար պայմանների մասին:
Այդ օրը կատարվեց իմ երկար սպասված երազանքը` ես աստղադիտակով դիտեցի լուսինը: Ամեն երեկո թեյ խմելուց հետո վառում էինք խարույկ և մոտ 2-3 ժամ նստում խարույկի մոտ. երգում, պարում և հիանում էինք նրա կայծկլտող բոցերով:

Յութաքանչյուր առավոտ արթնանում էինք շատ վաղ` ժամը 7:00-ին: Կատարում էինք նախավարժանք և թեյ խմելուց հետո ուղևորվում ինչ-որ հետաքրքիր տեղ: Օգոստոսի 14-ին մենք ուղևորվեցինք Լոռե բերդ, որը կառուցվել էր 11-րդ դարում: Այնուհետև այցելեցինք Դենդրոպարկ, որտեղ տեսանք այնպիսի ծառատեսակներ, որոնց շատ քիչ կհանդիպենք անտառներում: Հետո վերադառնալով Հնեվանք ճամբար՝ ինչպես ամեն երեկո իջանք Ձորագետ և գետի ափին նստած վայելեցինք հրաշք բնությունը և վարարուն գետը:


Հաջորդ առավոտյան մեզ միացավ Տիար Բլեյանը և մենք միասին այցելեցինք Կուրթանի միջնակարգ դպրոց, ծանոթացանք դպրոցի աշակերտների հետ: Եղանք աստղացուցարանում և հետ վերադարձանք ճամբար: Ճաշից հետո իջանք մեր շատ սիրելի Ձորագետ:
Հերթը Օձուն գյուղինն էր: Այնտեղ մենք եղանք Սուրբ Աստվածածին եկեղեցում, որը կառուցվել էր 7-րդ դարում: Որից հետո հյուրընկալվեցինք մի շատ հաճելի ընտանիքի: Նրանցից վերցրեցինք հարցազրույց և պարզվեց, որ այնտեղ ուտում են այնպիսի բուսական սնունդ, որ մենք անգամ չգիտենք, որ այդ բույսերը ուտելու են:
Գեղարվեստի ավագ դպրոցի աշակերտները նկարեցին և բազմաթիվ գույներով լցրեցին Հնեվանք ճամբարի տաղավարը:
Ցավոք, ճամբարն արդեն ավարվում էր: Բոլորս շատ էինք տխրել, որ հրաժեշտ պետք է տանք միմյանց: Դժվարությամբ բաժանվեցինք ընկերներից՝ նորից հանդիպելու ակնկալիքով:
Ուզում եմ շնորհակալությունս հայտնել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Տիար Բլեյանին, ճամբարի ղեկավար Տիկին Հասմիկին, մեր խմբի ղեկավար ընկեր Խաչիկյանին, խոհարարուհի Տիկին Նունեին, բոլոր ջոկատավարներին, ինչպես նաև իմ ջոկատի ղեկավար, իմ շատ սիրելի ընկեր Անահիտին: Շնորհակալ եմ նաև ճամբարի բոլոր երեխաներին. բոլորիդ շատ եմ սիրում և սիրով բոլորին հրավիրում եմ Գավառ ու անհամբեր սպասում նոր հանդիպման:

Էվելինա Առաքելյան

Оставьте комментарий