Դիջիպատում

1 (5) 

Արդեն երկրորդ ուսումնական տարին է, ինչ կրթահամալիրում եմ, սեբաստացի եմ: Սակայն ամեն նոր օր կրթահամալիրում, իրապես նոր է ինձ համար: Նոր են ապրումները, զգացողությունները, էներգիան: Այո, կրթահամալիրն իր յուրահատուկ էներգիան ունի, որը փոխանցվում է մեզ, ամեն սովորողի ու ծնողի:

Անցած տարի, երբ նոր էի եկել կրթահամալիր մի պատում գրեցի իմ ուկրթահամալիրի մասին: Դիջիպատում էր, նոր եմ հասկանում  🙂

 Այս երկու տարիների ամենակարևոր ձեռքբերումս համարում եմ իմ սովորողների սերն ու հետաքրքրությունը դեպի մաթեմատիկան: Ես դա շատ եմ կարևորում: Սիրով են աշխատում, անհամբեր են նոր բան սովորելու, իմանալու հարցում: Ձեռքբերում եմ համարում, որ հնարավորություն ունեմ ամեն օր տեսնել նրանց չարաճճի աչքերը, փորձել պատասխանել նրանց խուճուճ հարցերին ու զգալ նրանց մեծ ջերմությունը:

Այս տարվա սկզբում դժվարություններ առաջացան և՛ համակարգիչներով աշխատելու, և՛ նախագծային ուսուցման հարցում: Համակարգիչներով  աշխատանքին ընտելացանք   ավելի հեշտ և արագ, քան սպասում էինք: Այս առումով կարծես դժվարությունները հաղթահարել ենք: 5,6 –րդ դասարաններում սկսեցինք աշխատել gmail համակարգով, որն ավելի արդյունավետ դարձրեց ուսումնական գործընթացը: Դա իրական առցանց աշխատանք  է սովորողի հետ ամեն պահի և՛ տանը, և՛ դպրոցում: Ավելի շատ բանավոր և հետաքրքրաշարժ մաթեմատիկայով զբաղվեցինք: Ընտրությամբ գործունեության խմբով մաթեմատիկական փաթեթներ ենք ստեղծել առաջիկա նյութերի վերաբերյալ: Այս տարի դրանք կդառնան տեսադասեր:

Գնահատման համակարգն էլ այս տարի տարբերվեց անցյալ տարվանից: Գնահատում եմ միավորներով  (կրեդիտներով), որը ոգևորություն է առաջացրել սովորողների մոտ, ինչու չէ նաև մրցակցություն՝ առողջ մրցակցություն:  

Նախագծային աշխատանքի հարցում, կարծում եմ թերացել եմ: 2014-ի գլխավոր անելիքս հենց դա պետք է լինի՝ նախագծային արդյունավետ գործունեություն:

Այս տարին սկսեցի աշխատել որպես երկարացված օրվա կազմակերպիչ, ինչն ինձ հնարավորություն տվեց սովորողներիս հետ շփվել լրիվ այլ միջավայրում, այլ պայմաններում և իրավիճակներում: Դա ինձ նաև թույլ է տալիս  լրացուցիչ աշխատել այն սովորողների հետ, ովքեր դժվարություններ ունեն մաթեմատիկայից: Ինձ սա շատ է դուր գալիս: Սովորում ենք իրարից ամեն վայրկյան: Ուրախ եմ, որ այս հնարավորությունն ունեցա:

 Տարին ևս լի էր բազմաթիվ ճամփորդություններով, արշավներով, որոնք իմ կարծիքով իսկապես ուսումնական էին:Կլորսեղանն-քննարկումներ ունեցանք, որոնք հաջող համագործակցությունների սկիզբ դրեցին: Ի դեպ դիջի հանդիպումներ նախատեսում ենք նաև այս տարի:

2014-ին պլանավորել ենք նախագծեր, որոնք միջառարկայական են լինելու, որոնք նպատակ կունենան նաև տարածել մեր կրթական ծրագիրը:

Որպես վերջաբան, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներիս սիրով ու եռանդով աշխատելու, ջերմագույն մթնոլորտ ստեղծելու համար: Մեր կրթահամալիրի էներգիան մենք ենք ստեղծում, մենք ենք տարածում: Այնպես անենք, որ այս տարի ավելի շատ ժպտացող դեմքեր տեսնենք:

 

 

Оставьте комментарий