Արցախապատում (օր 1-ին)

DSCN6729Արցա՛խ… Արցա՜խ…

Արցախն իմ ամենասիրելի, հոգուս ամենամոտ վայրերից է… Չեմ էլ հաշվել քանի անգամ եմ այնտեղ եղել, քանի անգամ եմ հիացել ու շփվել նրա հետ, բայց էս անգամը լրիվ ուրիշ էր… էս անգամը յուրահատուկ էր!!!

 

Ամեն անգամ Արցախ գնացել եմ շատ սիրելի մարդկանց հետ, ու էս անգամն էլ բացառություն չէր՝ այնտեղ էինք իմ սիրելի գործընկեր-ընկերուհիների, իմ սիրելի սովորող-ընկերների ընտիր խմբի հետ: Ամեն օրն արկածային էր, հիշարժան, սիրելի ամեն վայրկյանը: Սոնան սրտիցս մի բան գրեց էս օրերին՝ Ավելի հեշտ է ոտքով գնալ Արցախ, քան գրել թե ինչ ես զգացել այնտեղ լինելու ժամանակ: Երանի աչքերս լեզու ունենային ու պատմեին!!!!! Երանի՜…

 

Շատ կուզենայի այնքան տաղանդավոր լինել, որ կարողանայի պատմել իմ տպավորություններն ու զգացողություններ ամբողջովին… դժվար թե էդպես ստացվի, բայց ամեն դեպքում փորձեմ պատմել 🙂

 

Ամռան երկրորդ, շատ շոգ ամսվա սկիզբ… Բանգլադեշ… Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ… Առավոտյան ժամը 8…

Մի խումբ սեբաստացիներ՝ ճամբարականներ՝ ուսապարկերով, ճամպրուկներով, բարձր տրամադրությամբ ու անհամբեր, սպասում էին, թե երբ վերջապես կշարժվի ավտոբուսն, ու կսկսվի նոր արկածային ուղևորությունը: Իհարկե, պատկերն ամբողջական չէր լինի առանց ճանապարհող խմբի: Ավտոբուսն արդեն լիքն էր ժպիտներով ու դրական լիցքերով, մնում էր միայն ճանապարհ ընկնել:

Ճանապարհը երկար էր, բայց հաճելի: Պատուհանից այն կողմ այնպիսի տեսարաններ էին, որ անտարբեր թողնել մեզնից ոչ մեկին չկարողացան: Անընդհատ նկարում էինք, հիանում, ուսումնասիրում: Ավտոբուսում տիրում էր բարձր տրամադրություն. ամբողջ ճանապարհին երգում էինք, խաղում, կատակում:

 

Առաջին կանգառը Սևանում էր:  

Հայրիվա՜նք 

Ճանապա՜րհ, ճանապա՜րհ…  

Վերջապես մեզ ողջունեց Արցախյան առաջին հրաշքը՝ Դադիվանքը: Եղանակն անձրևոտ էր, կարկուտ էր գալիս… չկարողացանք բարձրանալ… ու հենց այստեղ առաջին անգամ ականատես եղանք միայն Արցախին բնորոշ հյուրընկալությանն ու անմիջականությանը: Մեզ անձրևակարկուտից փրկեց մի ընտանիք, բազմազավակ ընտանիք: Արդեն արցախցի առաջին ընկերներն ունեցանք: Զրուցեցինք իրենց առօրյայից, կենցաղից, ճաշեցինք միասին:

 

Անձրևը նահանջեց. Դադիվանքը սպասում է մեզ: Վերջապես բարձրացանք:

 

Դժվար է նկարագրել՝ ինչ եմ զգում այնտեղ: Վեհություն կա… Շունչս կտրվում է այդ կատարյալ գեղեցկությունից, կատարյալ կատարելությունից:

 

Տպավորված, կախարդված էինք Դադիվանքով: Մեր մեծ մասն այնտեղ առաջին անգամ էր լինում: Պատմությունները, լեգենդները, որոնք պատմում էին ճամբարականները Դադիվանքի մասին, օդում կախվել էին, մի տեսակ միստիկ միջավայր ստեղծել: Մանր անձրևը բնավ չէր խանգարում մեզ,  լրացնում էր կատարելությունը, լիարժեք դարձնում:

Երջանկության զգացողություն ունեի…

Դժվարությամբ հրաժեշտ տվեցինք Դադիվանքին ու մեր նոր ընկերներին: Կրկին ճանապարհ ընկանք. այս անգամ Վանք գյուղ, որտեղ մեզ սպասում էին արդեն հին ընկերները:

Վանք հասանք ուշ երեկոյան. արդեն մթնել էր: Գյուղի դպրոցի դիմաց մեզ սպասում էին: Մեր արցախցի ընկերը՝ Ռազմիկը, մեզ հրավիրեց իր տատիկի տուն ընթրելու: Րոպեներ անց մենք արդեն այնտեղ էինք: Հենց իջանք մեքենայից արդեն սիրեցի էդ տունը, իսկական գյուղական, ֆիլմերից եկած տուն էր… Ներսում մեզ սպասում էր համեղ ընթրիքը: Տանտեր տատիկը այնպես ոգևորված էր մեզ հյուրասիրում, այնքան սիրով, որ ամեն ինչ ակամայից անասելի համեղ էր թվում: Ընթրիքից հետո, եկավ ամենահավես պահը, մենք պետք է բաժանվեինք խմբերի ու գյուղի տարբեր տներում ապրեինք այդ գիշեր: Ես կարող եմ պատմել միայն  այն հրաշալի ընտանիքի մասին, որ մեզ հյուրընկալեց այդ օրը:


Պարոն Սասունը՝ ընտանիքի հայրիկը, մեքենայով եկել էր մեր հետևից: Մեր խմբին՝ ինձ, Սոնային, Արևին, Էմմային, Մարինեին ու Մանեին, բակում սպասում էր ամբողջ ընտանիքը: Մեզ դիմավորեցին, հյուրասիրեցին սիրով, ժպիտներով: Այնքան ջերմ մթնոլորտ էր: Մենք մինչև ուշ գիշեր զրուցեցինք, ծանոթացանք, շփվեցինք: Այնպիսի զգացողությունն էր, որ այս մարդկանց հազար տարի է ճանաչում ենք, այնքան բարեկամաբար մեզ ընդունեցին: Հաճելի երեկոյից ու հագեցած օրվանից հետո մենք անհամբեր սպասում էինք հաջորդ օրվա իրադարձություններին:

Оставьте комментарий